Գյուղն ու մարդիկ սահմանին
Սահմանապահ գյուղ Բերդավանը մտնում է Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի մեջ:
Գտնվում է Նոյեմբերյան քաղաքից 6 կմ հյուսիս՝ Կողբ գետի ձախ ափին: Ադրբեջանի հետ ունի 8 կմ ընդհանուր սահմանագիծ: Բերդավանում ապրում է մոտ 3000 մարդ։

Շաբաթ առավոտյան գործընկերներով ճանապարհ ենք ընկնում դեպի Բերդավան։

Թեպետ օրը շաբաթ էր, սակայն գյուղում աշխուժություն կար՝ երեխաների խաղի աղմուկ, գյուղամիջյան զրույցներ, շինարարություն, մշակույթի տնից լսվող հայրենասիրական երգ։


ԲԵՐԴԱՎԱՆԻ ԱՄՐՈՑԸ

Բերդավանում մեզ ասացին, որ ով առաջին անգամ է ոտք դնում գյուղ, ուրեմն իր այցը պիտի սկսի Ղալինջաքար ամրոցից։ Գյուղի ամենանշանավոր ու խորհրդանշական բերդն է Ղալինջաքարը, թվագրվում է 12-րդ դար։


Բերդի անվան ստուգաբանությունը բացահայտվում է Տավուշի բնակչության բարբառում այժմ էլ կիրառական «ղալին» բազմիմաստ բառի հետ: Այն ունի խիտ, շատ, հաստ, հորդ, վարար իմաստները:


Առաջին երեքը լիովին համահունչ են բերդի անվանը՝ շատ քարերով, խիտ շարվածքով և հաստ պատերով ամրոց: Ամրոցը կարևոր դեր է խաղացել ոչ միայն գյուղի, այլև տարածաշրջանի բնակչության պաշտպանության գործում:

Բերդավանի ամրոց

«Գյուղում ապրելը պատիվ է»
Գյուղամեջում մեզ դիմավորում է Բերդավանի գեղագիտական կենտրոնը․ այն և՛ մշակույթի ու կրթության կենտրոն է, և՛ երիտասարդների հավաքատեղին։ Անմիջապես մեզ ընդառաջ են գալիս մի խումբ պատանի բերդավանցիներ։
Բերդավանի Գեղագիտական կենտրոնի սաները

Քնաթաթախ վեր ենք կենում առավոտ շուտ, առույգանալու համար ասում ենք, որ Բերդավանում ենք արթնացել ու էդպես գնում ենք դպրոց, որտեղ մեր ընկերներն են․ էլ ի՞նչ ա պետք լավ օր ունենալու համար

Հարցին՝ թե ինչպե՞ս է սկսվում գյուղում ապրող երիտասարդի օրը, ժպիտով պատասխանեց նրանցից մեկը՝ Դիանա Սաֆարյանը :
Բերդավանը՝ թռչնի թռիչքի բարձրությունից

Ալյոնա Ղազարյանի փոքրիկ եղբայրն արդեն 3 անգամ լսել է պատերազմական գործողությունների մասին, տեսել դրա հետևանքները։ Նա 10 տարեկան է։

Խոսելով սահմանին մոտ գտնվելու մասին, երիտասարդներն ասում են․


«Մենք միշտ զգոն ենք, իրազեկ, պատրաստ»:


Այսպես բնութագրելով իրենց, սահմանապահ երիտասարդները շարունակում են կիսվել իրենց մտահոգություններով։ Նրանք արդեն հստակ որոշել են՝ ով ինչ մասնագետ է դառնալու, թեպետ տխուր են, որ երազանքի մասնագիտության ճանապարհով գնալու համար պիտի լքեն իրենց հայրենի ճանապարհը՝ իրենց Բերդավանը։

Բերդավանցի երիտասարդները՝ Լիլիթը, Գիսանեն, Մարիամը, Միլենան, Նանեն, Ալյոնան ու Դիանան (ձախից աջ)
Վերջերս երիտասարդները կամավորների խումբ են ստեղծել, որի շրջանակում հավաքվում են, քննարկում և վերհանում համայնքային խնդիրներ, փորձում գտնել դրանց լուծումներն ու դրանք առաջարկել պատկան մարմիններին։

Բերդավան-Կողբ

Գյուղի մասին երիտասարդների զրույցներում արդեն հատուկ իր տեղն ունի Բերդավան-Կողբ գյուղերի «հակամարտությունը», որը նրանց կարծիքով սիրո, ընկերասիրության ու համերաշխության արգասիքն է։

Բերդավանը
«Հնուց եկել է, որ պիտի իրար հետ մրցակցության մեջ լինենք, բայց հիմա ուր էլ գնում ենք՝ ճամբարների, օլիմպիադաների, մարզային ու համապետական մրցույթների, Կողբն ու Բերդավանը միշտ միասին են։ Կողբացի տղեքը գալիս են Բերդավանից հարս տանում, բերդավանցիք էլ Կողբից են հարս բերում, որ կողքից էլ հարցնում են՝ ինչի՞ ես Կողբ հարս գնում, պատասխանում ենք, որ հարս ենք գնում՝ զարգացնենք Կողբը», - ասում են ու բոլորով ժպտում և իրար շարունակելով պատմում Կողբ-Բերդավան հարևան գյուղերի յուրահատուկ հարաբերությունների շուրջ ստեղծված պատմությունները, զվարճալի դեպքերն ու հուզիչ դրվագները։
Երբ տեսա ինչ ոգևորությամբ ու ջերմությամբ են խոսում երիտասարդներն իրենց գյուղի մասին, նաև հետաքրքրվեցի թե ո՞րն է նրանց պատկերացումը ապագայի մասին՝ ապագայի Բերդավանն իրենց ցանկությամբ ու պատկերացմամբ․
Մարդաշատ, զարգացող, պայծառ, կանգուն ու արժանապատիվ․ նրանց պատկերացումները հավաքական են ու հաստատակամ։
Բերդավանի գարնանամուտը

Բերդավանի ձգողականությունը

Գեղագիտական կենտրոնում մեզ հանդիպում է նաև գյուղի վաստակաշատ մանկավարժ Սամսոն Խոջոյանը, ով իր ողջ կյանքի ընթացքում միայն 5 տարի է բացակայել Բերդավանից՝ լոկ կրթություն ստանալու համար։


«Գյուղի ձգողականությունը շատ-շա՛տ ուժեղ է ու ես էլ պիտի գյուղում ապրեմ՝ կիսելով այն ճակատագիրը, որը բաժին է հասել Բերդավանին», - ասում է Սամսոն Խոջոյանը։

Իրեն «ակտիվ թոշակառու» է համարում, որովհետև, չնայած, որ 75 տարեկան է, շարունակում է իրականացնել նախագծեր` երիտասարդների, մեծերի ու փոքրերի համար։


Վերջին նախագիծը նվիրված էր կանանց տոնին։


Սամսոն Խոջոյան, վաստակաշատ մանկավարժ
«Յուրաքանչյուր մարդու մեջ լույս կա․ մարդ պետք ապրի ոչ միայն իր, այլև ուրիշների համար, և միայն այս դեպքում կարող է իմաստավորվել քո կյանքը»

Սահմանապահ մարդիկ

«Բերդավանցիները հյուրասեր ու աշխատասեր են, նաև՝ կռվող, իրենց հողը պաշտպանող ժողովուրդ․ վերջին խոսքս վկայությունն է էն բազում մարտերի, որոնք դարերի ընթացքում են տեղի ունեցել։ Անկախության հռչակումից հետո մի ալիք սկսեց՝ մարդկանց սովորեցրին սպասել օգնության, ու այդ պատճառով մեր ժողովուրդը դանդաղ կերպով, բայց կորցրեց իր նախաձեռնողականությունը»,- կիսվում է մանկավարժն ու շարունակում խոսել սահմանային- անվտանգային այն խնդիրներից, որոնք առնչվում են հենց Բերդավանին։

Խաղողի այգիներն ու վարելահողերը մեծ մասամբ նշանառության տակ են, 1 կմ է սահմանից հեռավորությունը․ որոշ հողամասեր արդեն չորացել- ամայացել են, որովհետև հողերն ուղիղ նշանառության տակ են ու ցավոք, մի տեսակ անհասանելի։ Սամսոն Խոջոյանը մտահոգված ասում է․ «մարդիկ մտածում են գնան այլ բարեկեցիկ վայրում ապրեն, մինչ այդ պիտի մտածեն իրենց բնակավայրը բարեկեցիկ դարձնելու մասին»։ Նույնիսկ «որտեղ հաց, այնտեղ կաց» ասացվածքը մանկավարժը վերաձևակերպել է «կե՛ր չոր հաց, երկրումդ կա՛ց», մենք պիտի փոխենք մեր մտածելակերպն ու ավելացնենք մեր երկրի հացը։

«Մենք յուրաքանչյուրս տերն ենք էս երկրի, հողին ամուր կանգնենք ու զգանք այն սերն ու ձգողականությունը, որն ունի մեր Հայրենիքը։ Բերդավանն ու առհասարակ մեր բոլոր բնակավայրերը լավ հեռանկարներ կունենան, եթե բոլորս, թեկուզ չնչին օգուտ բերենք մեր երկրին», ասում է Սամսոն Խոջոյանն ու հրաժեշտի պահին հիշեցնում՝ Բերդավանի բերդը մեր մաքառումի, արժանապատվության կենդանի հուշարձանն է․ արժանի լինենք իրեն։

Հեղինակ` Էռնեստ Խանումյան

© 2024 All Rights Reserved
tavushmedia.am

This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website