ԵՐԱԶԱՆՔ
ՆՊԱՏԱԿ
ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մայրաքաղաք Երևանից՝ Տավուշի Նորաշեն գյուղ՝ տեսնել ու ապրել իրական կյանքն ինչպես որ կա։ Գարիկ Փայտյանն ու Էսթեր Զաքարյանը թողել են Երևանն իր բոլոր հեռանկարներով, տեղափոխվել Տավուշի մարզի Նորաշեն գյուղ՝ նպատակ ունենալով իրենց գիտելիքները, ուժն ու եռանդը ծառայեցնել ի նպաստ իրենց համայնքի զարգացման։
Գարիկը սովորել է ԵՊՀ-ի Քարտեզագրություն և կադաստրային գործ բաժնում, իսկ Էսթերը՝ ԵՊՀ Միջազգային հարաբերություններ բաժնում:
Նորաշեն գյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում։ Հարևան է Չորաթան, Արծվաբերդ, Վերին Կարմիրաղբյուր և Մովսես գյուղերին, իսկ Ադրբեջանի սահմանից ուղիղ գծով գտնվում է 4 կմ հեռավորության վրա:
Միապաղաղ թե՞ հետաքրքիր ու բազմազան կյանք
«Ես ինձ միշտ հայրենասեր եմ համարել, բայց երբ ամուսինս խոսում էր գյուղ տեղափոխվելու մասին, ես ինձ երբեք չէի պատկերացնում գյուղում ու սա իմ հայրենասիրության համար մեծ ու դժվար մարտահրավեր էր: Մի անգամ, երբ դեռ չէինք ամուսնացել Գարիկը հարցրեց ուզում ես սովորական միապաղաղ կյանք, թե՞ հետաքրքիր ու բազմազան, ես էլ բնականաբար ընտրեցի երկրորդը ու որոշեցինք տեղափոխվել Տավուշի մարզի Նորաշեն գյուղ ու այստեղ մեր կյանքը հետաքրքիր անցկացնել:
Չգիտեմ մոտիվացիա է թե ոչ, բայց մենք մեր այս քայլով սրտանց ցանկացել ենք, որևէ բան փոխել մեր երկրում դեպի լավը՝ մեր ուժերի չափով և միգուցե ավելի, ինչպես նաև ուզում ենք օրինակ լինել այն մարդկանց համար, ովքեր միայն գյուղից տեղափոխվելով են իրենց ապագան պատկերացնում, ուզում ենք մեր աշխատանքով ու կյանքով հաջողվել գյուղում ու ցույց տալ, որ հնարավոր է ապրել գյուղում, աշխատել, չձանձրանալ և կյանքը լիարժեք վայելել»:
«Տարիների ընթացքում մի շարք սեմիներների ու դասընթացների ենք մասնակցել, որոշները նախասիրություններից ելնելով, որոշները հենց գյուղում սկսած մեր գործի համար, որոնցից է օրինակ Երեմյանի խոհարարական դպրոցը:
Խոհարարական դպրոցում սովորելը օգնում է մեզ՝ գաստրոբակի աշխատանքների և սարի փորձառությունը իրականացնելու հարցում: Թեև հենց ուղիղ մեր մասնագիտությամբ չենք աշխատում, սակայն ինչ սովորել ենք կիրառում ենք մեր գործի մեջ թե՛ լեզվի առումով, թե՛ կապեր ստեղծելու, թե՛ տեղանքներում կողմնորոշվելու հարցերում»,- պատմում է Էսթերը
Հյուրատանը կից Զովակն ունի նաև գաստրոբակ, որը հյուրերին առաջարկում է տավուշյան ավանդական համեղ ուտեսներ:

«Մեր հյուրերը լինում են և՛ արտասահմանից, և՛ Երևանից: Մենք միշտ սիրում ենք շեշտել այն փաստը, որ մեզ այցելում են շատ գիտակից, խելացի, բանիմաց, հայրենասեր, գնահատող, հասկացող մարդիկ ու այս շարքը կարող եմ շատ երկար շարունակել, քանի որ ամեն հյուրից մենք նոր բան ենք սովորում ու ամեն հյուրի հետ ընկերանում:
Մեզ մոտ դեռևս պահպանվում է հյուրատուն ասվածը՝ հենց իր բուն իմաստով, հյուրերին ընդունում ենք հենց այն տանը, որտեղ մենք ապրում ենք, իսկ գաստրոբակը հենց տան կողքին է ու պահպանված է օջախի ջերմիկ ու հաճելի մթնոլորտը»,- պատմում է Էսթերը:
«Զովակ» գաստրոբակում անցկացվում են տեղական կերակրատեսակների պատրաստման վարպետաց դասեր, ֆերմերների համար իրականացնում են դասընթացներ:
Գարիկ Փայտյանի խոսքով այս կերպ նպաստելու են սահմանամերձ համայնքում մնալուն, չարտագաղթելուն։
«Վարպետաց դասեր դեռևս շատ քիչ ենք արել, բայց կարծում ենք, որ ավելի շատ այն կհետաքրքրի դրսից եկած զբոսաշրջիկներին, բայց մեր վարպետաց դասերի հանդեպ հետաքրքրությունը կավելանա այն ժամանակ, երբ շրջանում տուրիստական ենթակառուցվածքներ լինեն համապատասխան քանակի և պայմանների, մենք նույնպես այս պահին աշխատում ենք գիշերակացի հարցը լուծելու համար»,- պատմում է Գարիկը:
Ի՞նչ մասնագիտություն ունեք եւ ինչքանո՞վ է դա նպաստում գաստրոբակի գործունեությանը:
«Ես սովորել եմ ԵՊՀ-ի Քարտեզագրություն և կադաստրային գործ բաժնում, իսկ Էսթերը ԵՊՀ Միջազգային հարաբերություններ բաժնում:
Տարիների ընթացքում մի շարք սեմիներների ու դասընթացների ենք մասնակցել, որոշները նախասիրություններից ելնելով, որոշները հենց գյուղում սկսած մեր գործի համար, որոնցից է օրինակ Երեմյանի խոհարարական դպրոցը:
Խոհարարական դպրոցում սովորելը օգնում է մեզ՝ գաստրոբակի աշխատանքների և սարի փորձառությունը իրականացնելու հարցում: Թեև հենց ուղիղ մեր մասնագիտությամբ չենք աշխատում, սակայն ինչ սովորել ենք կիրառում ենք մեր գործի մեջ թե՛ լեզվի առումով, թե՛ կապեր ստեղծելու, թե՛ տեղանքներում կողմնորոշվելու հարցերում»:
Ինչպե՞ս եք նպաստում արտագաղթի կանխմանը, քանի՞ աշխատող ունեք, նրանցից քանի՞սն են գյուղից:

Մենք պարզաապես ապրում ենք գյուղում, աշխատում, երեխային խնամում, փորձում մեր կյանքը հետաքրքիր անցկացնել և այս ամենը ես ցույց եմ տալիս իմ փոքրիկ բլոգում, շատերը ոգեշնչվում են, շատերը կարոտը առնում, շատերը գնահատում և մեզ հերոսացնում, չգիտեմ կարողանում ենք կանխել արտագաղթը, թե ոչ, բայց երբեմն, լսում ենք, որ որոշ մարդիկ մեր օրինակից ոգևորված տեղափոխվում են գյուղեր, կամ գոնե շարունակում են մնալ իրենց գյուղում:
Մեր գյուղ տեղափոխված առաջին օրվանից ամենից շատ ուրախացել ենք, երբ լսել ենք, որ այս հարցում գոնե մեկ հոգու մոտիվացրել ենք:
Հիմա տուրիզմից բացի զբաղվում ենք հացի արտադրությամբ և հացի փռում մեր գյուղից ունենք չորս հիմնական աշխատող, սա նույնպես փոքրիկ հաջողություն է մեզ համար:
Տավուշ հեռուստաընկերության նկարահանող անձնակազմը «Մակարդակով կոֆե» շարքի շրջանակներում ամիսներ առաջ հյուրընկալվել էր Էսթեր Զաքարյանին, ով պատմեց, թե ինչպես և ինչու որոշեցին տեղափոխվել Նորաշեն գյուղ, ինչ մարտահրավների բախվել, ինչ դժվարությունների են հանդիպել, ինչպես են կարողացել հաղթահարել դրանք և ինչպես է անցնում իրենց գյուղական առօրյան:
Մակարդակով կոֆե «Զովակ» գաստրոբակում՝ Էսթեր Զաքարյանի հետ
Պետության կողմից որևէ աջակցություն ունե՞ք:
«Պետության կողմից հատուկ աջակցություն չունենք, բայց նաև մեծ խոչընդոտներ չենք ունեցել, խնդիրները մի փոքր գլոբալ են և հատուկ մեր գործին չեն խանգարում, այլ՝ բոլորիս, այդ խնդիրներին կարծում եմ ծանոթ ենք բոլորս, կապված ջրի, հոսանքի, ճանապարհների և սահմանամերձ ու սահմանապահ գյուղերի հարկային արտոնությունների տարբերությունների մասով: Նորաշենը չի համարվում սահմանապահ գյուղ և որևէ հարկային արտոնությունից կամ ծրագրից չի օգտվում»:
Տավուշ հեռուստաընկերության տաղավարում տեղի ունեցած «Տավուշ մարզի սահմանամերձ բնակավայրերի սոցիալ-տնտեսական մարտահրավերները» թեմայով քննարկմանը մասնակցել և իր փորձով է կիսվել նաև «Զովակ» հյուրատան հիմնադիր Գարիկ Փայտյանը:
Սահմանամերձ բնակավայրերի խնդիրները․ սոցիալ-տնտեսական մարտահրավերներ
Շարունակում ենք մնալ Տավուշում և մեր ուժերի չափով շենացնել մեր երկիրը:
«Տավուշի կյանքը փորձում ենք հարստացնել Տավուշը գովազդելով ամենուր և բոլոր հնարավոր հարթակներում, այս շրջանում մեծ պոտենցիալ ենք տեսնում, որը իրացված չէ, դրա համար ամենուր խոսում ենք Տավուշից, կիսվում մեր գաղափարներով, եթե մեկը որևէ գործ է սկսում աջակցում ենք ինչպես կարող ենք, քաջալերում ենք շատերին գործ սկսել հենց տուրիզմի ոլորտում և իրենց մրցակիցների չենք համարում, քանի որ այնքան բաց է տուրիստական դաշտը Բերդի շրջանում, որ ինչքան էլ ենթակառուցվածքներ և նոր պրոդուկտներ ստեղծվեն մեկ է բոլորս էլ հասցնելու ենք աշխատել և իրար օգնելու ենք, որ թե խանգարելու:
Չնայելով դժվարություններին, հիասթափություններին և խոչընդոտներին մենք շարունակում ենք մնալ Տավուշում և մեր ուժերի չափով շենացնել մեր երկիրը»:



Իրենց օրինակով Գարիկն ու Էսթերը ցույց են տալիս, որ հնարավոր է լիարժեք ապրել ու արարել գյուղում, ստեղծել մնայուն արժեքներ:
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website