Պտղավան. համերաշխության ու փոխօգնության օրինակ

Հայ-վրացական սահմանի հարեւանությամբ է տեղակայված քաղցրահամ մրգերով հայտնի Պտղավանը: Բերքի քաղցրության նման գրավիչ է այս գյուղի հողը, որն անվտանգության եւ ապահովության զգացողություն է տալիս վերջին երեք տասնամյակների ընթացքում Ղարաբաղյան հակամարտության հետեւանքով իրենց բնակավայրերից տեղահանված եւ այստեղ հաստատված տարբեր սերունդների:

52-ամյա Արարատ Մովսիսյանը ծնունդով Շուշիից է, ընտանիքի՝ կնոջ, երկու երեխաների հետ 2023 թ․ սեպտեմբերին Արցախի վրա Ադրբեջանի հարձակման հետեւանքով բռնի տեղահանվել եւ հաստատվել է Պտղավանում: Արցախում 20 տարի տրակտորավար է աշխատել, Պտղավանում հիմա հողագործությամբ է զբաղվում, մշտական գործ չունի: Մովսիսյանի ընտանիքից բացի, նախորդ սեպտեմբերից այստեղ են հիմնավորվել նաեւ Արցախից տեղահանված մի քանի ընտանիքներ:


«Երբ մենք տեղափոխվեցինք այստեղ բնակիչների միայն 15%-ն էին հայեր, մյուսներն ադրբեջանցիներ էին: Մոտ 65 բնակավայրերից մարդիկ էին տեղափոխվել Պտղավան: Կազմակերպեցինք, որ մարդիկ համերաշխ, իրար հասկանալով գյուղատնտեսության ոլորտում լծվեն աշխատանքի եւ սկսեցինք նոր կյանքով ապրել: Բոլորիս մեջ կար մի վստահություն, որ մենք ինչքան որ աշխատել ենք այլ երկրում, այլ ազգի համար, ավելի մեծ վրիժառությամբ լցված լծվեցինք, որ հողը, ջուրը, հայրենիքը զարգացնենք, աշխատենք, ընտանիք պահենք, երկիրը հզորացնենք»,- պատմում է Ռաֆայել Օհանյանը:

Գյուղում հաստատվելուց անմիջապես հետո, մինչեւ 1998-ն աշխատել է միջնակարգ դպրոցի տնօրեն, հետո ընտրվել է Պտղավան գյուղի համայնքի ղեկավար, այնուհետև վարչական ղեկավար, հիմա հիմնականում զբաղվում է ֆերմերային տնտեսությունով:

«Ունենք սեփականաշնորհված եւ վարձակալական հողեր, պտղատու այգիներ, առանձին հողատարածք, որտեղ բանջարեղեն ենք աճեցնում, ունենք նաև ջերմոցային տնտեսություն, որտեղ աճեցնում ենք դեկորատիվ եւ պտղատու ծառերի տեսակներ »,- պատմում է երեք զավակների հայր Ռաֆայել Օհանյանը:

73-ամյա Էլմիրա Հարությունյանի ընտանիքը եւս 80-ականների վերջին, 10 այլ ընտանիքների հետ միասին, Ադբեջանից տեղահանվել եւ հաստատվել է Պտղավանում:

«Այնտեղ՝ Ադրբեջանի Վարդաշեն քաղաքում, դպրոցի տնօրեն եմ եղել եւ դպրոցում ռուսաց լեզու եմ դասավանդել, ամուսինս էլ կոշկակար է եղել: Հեշտ չի եղել: Տուն, տեղ թողել ենք, ոչ փոխել ենք, ոչ ծախել ենք, հենց այնպես թողել ենք եկել: Շատ դժվարությունների միջով ենք անցել, բայց հիմա Աստծուն փառք, հիմա ոչինչ…»,- պատմում է Էլմիրա Հարությունյանը` հավելելով,- «Ամեն մեկս խիստ մտահոգված ենք մեր երկրի ապագայի հետ կապված անվտանգության հարցերով: Գիտե՞ք` ինչն է վատ, որ ամեն ինչ անում ես ու մեկ օրվա մեջ թողնում: Նորից պետք է սկսես»,-ասում է Հարությունյանը:


Տարբեր բնակավայրերից եկած մարդիկ ստեղծել են պտղավանցու կերպարը, որն արտացոլում է համերաշխություն, եւ փոխանցում հաջորդ սերունդներին:

Պտղավանի բնակիչներն ակտիվորեն մասնակցում են համայնքի զարգացմանը` ստեղծելով մի յուրահատուկ միջավայր, որտեղ առաջնայինը փոխօգնությունն է:

Պտղավանի տարածքը հարթավայրային է: Համարվում է ՀՀ ցածրադիր ու տաք վայրերից մեկը, ծովի մակարդակից 450 մետր բարձրության վրա է: Բնակլիմայական պայմանները բարենպաստ են այգեգործության, պտղաբուծության համար: Գյուղացիները հիմնականում մշակում են արքայանարինջ, դեղձ, խաղող, վերջերս նաեւ ձիթապտուղ: Արտադրածն իրացնելու խնդրին են բախվում, քանի որ գյուղում չկա բերքի պահպանման եւ վերամշակման գործարան:

Աշխատատեղերի բացակայության պատճառով էլ Պտղավանի երիտասարդները կանգնած են մի շարք մարտահրավերների առջև։ Գլխավոր խնդիրներից է նաեւ արդյունավետ, օգտակար եւ հետաքրքիր զբաղվածությունների բացակայությունը: 21-ամյա Հայկ Եղիազարյանը Պտղավանի այն երիտասարդներից է, ով ուսման նպատակով տեղափոխվել է Երևան, սովորում է ԵՊՀ Հանրային կառավարում բաժնի 4-րդ կուրսում:

«Պտղավանը փոքր գյուղ է, բնակիչներն էլ շատ չեն։ Բայց այստեղ մարդիկ պարզ են, միշտ պատրաստ օգնելու միմյանց։ Դպրոցահասակների համար դպրոցից հետո չկան իրենց օրը գյուղում կազմակերպելու համար մշտապես գործող խմբակներ կամ այլ զբաղմունքներ։ Նախկինում գյուղում գործում էր ՔՈԱՖ-ն իր խմբակներով։ Հիմա Կողբ Թումոն է երիտասարդների ուշադրության կենտրոնում, որտեղ մեր դպրոցականներն էլ են ակտիվ հաճախում»,- պատմում է Հայկ Եղիազարյանը:

Ուսման նպատակով գյուղից հեռացածների մեծ մասը չի վերադառնում, մնում է Հայաստանի ավելի մեծ քաղաքներում կամ մեկնում արտերկիր՝ աշխատանք գտնելու նպատակով:
«Մնացողների կամ վերադարձողների մի մասը զբաղվում է գյուղատնտեսական աշխատանքներով, բայց այս ոլորտը հաճախ սահմանափակված է սեզոնայնությամբ և ավելի քիչ եկամտաբեր է համեմատած քաղաքներում առկա տարբերակների հետ։ Մյուսներն էլ գյուղի տարածքում կամ մոտակայքում գտնվող աշխատատեղերում են աշխատում, մեր գյուղը միջպետական ճանապարհին է գտնվում և մաքսատանը մոտ է, դրանով պայմանավորված շատ խանութներ, սննդի կետեր կամ լցակայաններ կան։ Բայց, ամեն դեպքում, ԲՈՒՀ-ն ավարտած երիտասարդի համար մասնագիտական աշխատանք գտնելը բարդ է, քանի որ այն սահմանափակվում է գյուղապետարան-դպրոց-մանկապարտեզ, լավագույն դեպքում մաքսատուն շղթայով»,-ասում է Հայկը:


Գյուղի զարգացմանն ուղղված ծրագրեր գյուղ վերադարձող երիտասարդների կողմից հազվադեպ են լինում: Գյուղում ընթանում է նոր, մոդուլային դպրոցի շինարարություն, որի հետ մեծ հույսեր ունեն բնակիչերը եւ ակնկալում են, որ այն կնպաստի երիտասարդների կարողությունների զարգացմանը, նրանց կտա նոր հմտություններ, հետաքրքրությունների եւ հնարավորությունների նոր շրջանակ կստեղծի:
Եղիազարյանը նաեւ չի մոռանում դրական կողմերը նշել` հատկապես գյուղի վոյլեբոլի աղջիկների թիմի եւ սեղանի թենիսի սպորտային հաջողությունները:
«Ֆուտբոլով զբաղվողներ էլ կան, ովքեր շաբաթը մի քանի անգամ հասնում են հարևան գյուղեր։ Երիտասարդները մշտապես անհամբերությամբ ու մեծ պատրաստակամությամբ են սպասում ցանկացած միջոցառման, հատկապես սպորտային։ Որպես օրինակ, հատկապես դպրոցահասակները, մեծ ոգևորությամբ են մասնակցում տարբեր միջոցառումների, նախաձեռնությունների սկսած մշակութայինից, սպորտայինից, ընդհուպ մինչև կրթական ու կամավորական ծրագրեր »,- նշում է Հայկը:

Նա գյուղի զարգացումը կապում է առաջին հերթին երիտասարդների հետ։
«Մենք մեր գյուղի ապագան ենք, իսկ ապագան սկսվում է հենց հաջորդ վայրկյանից»,- հավելում է Հայկը:

This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website